Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2010

Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշ

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց

Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում: Համաճարակաբանական ու կլինիկական միջազգային բազմաթիվ հետազոտություններով վաղուց արդեն փաստվել է, որ քնի խանգարումն առողջապահական լուրջ խնդիր է և քնի ժամանակ առաջացող շնչառական կանգը կարող է դառնալ այնպիսի վտանգավոր վիճակների պատճառ,  ինչպիսիք  են  գլխուղեղի  կաթվածը, սրտամկանի ինֆարկտը, հանկարծամահությունը, ճանապարհատրանսպորտային պատահարները, աշխատանքային տրավմատիզմը և այլն [1, 6, 16]:

 

Քնի խանգարման հիմնական պատճառներից է  քնած ժամանակ շնչառության կանգը, որը կարող է առաջանալ վերին շնչառական ուղիների օբստրուկցիայի հետևանքով [7]: Վերջինս հայտնի է քնի օբստրուկտիվ ապնոէ  համախտանիշ (ՔՕԱՀ) անվամբ: ՔՕԱՀ-ն բավական հաճախ հանդիպող և կյանքին վտանգ սպառնացող համախտանիշ է, որի մասին ոչ բոլորն են տեղեկացված, չնայած շատերն են տառապում այդ վտանգավոր հիվանդությամբ: Միջազգային վիճակագրական հետազոտությունների տվյալների համաձայն, ՔՕԱՀ-ով տառապում է 30-նն անց մարդկանց 5-8%-ը: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում: Ըստ  համաճարակաբանական մի շարք հետազոտությունների տվյալների, այդ հարաբերակցությունը կազմում է 2:1 [4, 10]: Տարբեր հեղինակների կարծիքով, սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի և հանկարծամահության դեպքերի 20-40%-ը  պայմանավորված է ՔՕԱՀ-ով [1, 2]:

 

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (Obstructive sleep apnea/ hypopnea syndrome - OSAHS) մի վիճակ է, որին բնորոշ է քնի ընթացքում շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող` վերին շնչառական ուղիների լրիվ (ապնոէ) կամ մասնակի (հիպոպնոէ) օբստրուկցիան: Այն տևում է 10 վայրկյանից ոչ պակաս (սովորաբար 10-30 վրկ) և 1 ժամվա ընթացքում կրկնվում ավելի քան 5 անգամ [12, 16]:

 

Ինչպես արդեն նշել ենք, օբստրուկտիվ ապնոէն առաջանում է վերին շնչառական ուղիների անցանելիության խանգարման հետևանքով, որի պատճառ կարող են դառնալ ինչպես քթով դժվար շնչելը, այնպես էլ քմային նշիկների և քիթըմպանային նշիկի հիպերտրոֆիան, փափուկ քիմքի և լեզվակի կախվածությունը, լեզվարմատի մեծացումը ու հիպոֆարինգեալ փափուկ հյուսվածքների հաստացումը և այլն [3, 9]:

 

ՔՕԱՀ-ի կլինիկական դրսևորման առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են բարձր խռմփոցը, անհանգիստ, չթարմացնող քունը, ցերեկային քնկոտությունը, առավոտյան գլխացավերը, գիշերային հաճախամիզությունը, գրգռվածությունը, ոչ հաճախ հանդիպողները` գիշերային հեղձուկի նոպաները, լիբիդոյի նվազումը և սեռական ցանկության թուլացումը, գիշերային առատ քրտնարտադրությունը (դիաֆորեզ), հազը և կերակրափողային ռեֆլյուքսը [6, 7]:

 

Խռմփոցը ՔՕԱՀ-ի հիմնական ախտանիշն է, որը սովորաբար միշտ նախորդում է այդ համախտանիշի առաջացմանը [3]:

 

Քնի ժամանակ առաջացող խռմփոցը կարող է դիտվել ինչպես քթով, այնպես էլ բերանով շնչելու ժամանակ: Խռմփոցի առաջացումը կարելի է բացատրել նրանով, որ քնի խորը փուլում մկանները գտնվում են լիովին թուլացած վիճակում և օդն անցնելով բերանի խոռոչով ու ըմպանով, վիբրացիայի մեջ է դնում հիպերպլազիայի ենթարկված և թուլացած հյուսվածքներին: Վերջիններս հեշտությամբ կարող են հպվել միմյանց և առաջացնել օբստրուկցիա ու ապնոէ [3]:

 

ՔՕԱՀ-ի դեպքում կարող են ի հայտ գալ ինտելեկտուալ խանգարումներ: Հաստատված է, որ հիվանդների  մոտ հաճախ են առաջանում ուշադրության, հիշողության և դատողության հետ կապված խնդիրներ: Կարող են նկատվել նաև անձի հոգեբանական նկարագրի փոփոխության նշաններ` ագրեսիվություն, գրգռվածություն, անհանգստություն կամ դեպրեսիա:

 

ՔՕԱՀ-ով տառապողների մոտ սովորաբար ընկճվում է տեստոստերոն հորմոնի արտադրությունը, որով և պայմանավորված է նրանց հիմնական գանգատներից մեկը` սեռական պոտենցիայի թուլացումը, որը հանդիպում է հիվանդների 20-28%-ի մոտ:

 

Վերին շնչառական ուղիների օբստրուկցիայի հետևանքով արյան թթվածնային հագեցվածությունը նվազում է, որը դառնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման պատճառ: Ապացուցված է, որ զարկերակային գերճնումը համարվում է ՔՕԱՀ-ի ամենահաճախ հանդիպող բարդություններից մեկը,  որը հանդիպում է հիվանդների 40-50%-ի մոտ  [1, 2]:

 

Ապացուցված է, որ խռմփոցի և օբստրուկտիվ ապնոէի հետևանքով քնի որակի խանգարումն առավել վտանգավոր է երեխաների համար, քանի որ քնի հենց խորը փուլերում է արտադրվում աճի հորմոնը, որը խիստ անհրաժեշտ է նրանց օրգանիզմին: Հարկ է նշել, որ այն երեխաները, որոնք տառապում են ՔՕԱՀ-ով, իրենց աճով և զարգացման աստիճանով կարող են հետ մնալ հասակակիցներից, քանի որ անբավարար քնի պատճառով նրանք ամբողջությամբ չեն ընկալում ստացած տեղեկատվությունը [9,14]:

 

ՔՕԱՀ-ն ախտորոշվում է` ելնելով գանգատներից, անամնեստիկ տվյալներից, արտաքին զննումից և գործիքային հետազոտություններից:

 

ՔՕԱՀ-ով հիվանդներին շատ բնորոշ են մարմնի ավելցուկային քաշը, կարճ և հաստ պարանոցը,  դեմքի անատոմիայի խախտումները, մասնավորապես միկրոգնատիան կամ ռետրոգնատիան [5]:

 

ՔՕԱՀ-ի ախտորոշման հավաստի միջոց ու «ոսկե» ստանդարտ է համարվում պոլիսոմնոգրաֆիկ հետազոտությունը, այսինքն` օրգանիզմի տարբեր ֆունկցիաների կոմպլեքս հետազոտությունը քնի ժամանակ: Վերջինս հնարավոր է կատարել միայն քնի լաբորատորիաներում: 

 

ՔՕԱՀ-ի և առաջնային խռմփոցի բուժման համար անհրաժեշտ է իրականացնել ընդհանուր կանխարգելիչ միջոցառումներ. նվազեցնել մարմնի քաշը, ձերբազատվել վնասակար սովորություններից, խուսափել մեջքի վրա պառկած դիրքով քնելուց [11]: Կարելի է օգտագործել նաև ներբերանային սարքեր, որոնք թեթևացնում են խռմփոցը, իսկ երբեմն նաև կանխում ապնոէն: Բուժման առավել արդյունավետ եղանակ է քնած ժամանակ շնչառական ուղիներում օդի մշտական դրական ճնշման ապահովումը հատուկ սարքավորման միջոցով, որը լիովին կանխարգելում է շնչառական կանգը, և հիվանդը քնում է հանգիստ:

 

Բուժման արդյունավետ եղանակ է նաև վիրահատական բուժումը, որն ուղղված է վերին շնչառական ուղիներում առկա անատոմիական դեֆորմացիաների վերացմանն ու փափուկ քիմքի պլաստիկային [8,13,17]:

 

Այսպիսով, առաջնային խռմփոցը և ՔՕԱՀ-ը բազմագործոնային բարդ խնդիրներ են, որոնց լուծումը պահանջում է տարբեր նեղ մասնագետների (քիթ-կոկորդ-ականջաբաններ,  դիմածնոտային  վիրաբույժներ,  սրտաբաններ, նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ և այլն) համատեղ ջանքերը: Առաջնային խռմփոցն ու ՔՕԱՀ-ն իրենց տարածվածությամբ ու առաջացրած բարդություններով (գլխուղեղի կաթված, սրտամկանի ինֆարկտ, հանկարծամահություն, տրանսպորտային ու արտադրական տրավմատիզմ և այլն) ամբողջ աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում առողջապահության կարևոր և առաջնահերթ խնդիրներից են: Վերը նշված բարդությունների հետևանքով հասարակությանը հասցրած վնասի` հիվանդացության, հաշմանդամության և մահացության նվազեցման առավել արդյունավետ ճանապարհը առաջնային խռմփոցի և ՔՕԱՀ-ի ժամանակին ախտորոշումն ու բուժման համապատասխան միջոցառումների իրականացումն են:

 

Գրականության ցանկ

 

  1. Зелвеян П.А., Ощепкова Е.В., Арабидзе Г.Г. Синдром апноэ во сне и артериальная гипертония. Тер. Aрхив, 1997; N 9, С. 76-80.
  2. Зелвеян П.А., Ощепкова Е.В., Буниатян М.С. и др. Особенности суточного профиля артериального давления у больных мягкой и умеренной формами артериальной гиертонией с синдромом апноэ/гипопноэ во сне. Тер. Архив, 2001; 9:8-13.
  3. Зильбер А.П. Синдромы сонного апноэ. Клиническая физиология, лечение, профилактика. Изд. Петрозаводского университета. Петрозаводск, 1994.
  4. Романов А.И., Белов А.М., Каллистов Д.Ю. Организация сомнологического центра. Управление, бюджет, методология. Руководство под общей редакцией С.П.Миронова. “Слово”, М., 1997, 227 с.
  5. Bettega G., Pepin J.L., Veale D., Deschaux C., Raphael B., Levy P. Obstructive sleep apnea syndrome. Fifty-one consecutive patients treated by maxillofacial surgery. Am. J. respire Crit. Care Med., 2000,162: pp. 641-649. 
  6. Flemons W.W. Clinical practice. Obstructive sleep apnea. N. Engl. J. Med., 2002, 347(7): pp. 498-504.
  7. Friedman M., Ibrahim H., Joshph N.J. Staging of obstructive sleep apnea/hypopnea syndrome: a guide to appropriate treatment Laryngoscope, 2004; 114: pp. 454-459.
  8. Friedman M., Lin H.C., Gurpinar B. et al. Minimally invasive single staged multilevel treatment for obstructive sleep apnea/hypopnea syndrome Laryngoscope, 2007;117:pp.1-5.
  9. Guilleminault C., Huang Y.S., Glamann C., Li.K., Chan A. Adenotonsillectomy and obstructive sleep apnea in children: a prospective survey Otolaryngol. Head Neck. Surg., 2007;136: pp.169-175.
  10. Report of the National Commission on Sleep Disorders Research. Wake up, America: a National Sleep Alert. Vol.1. Executive Summary and Executive Report, 1993; 1-76.
  11. Richard W., Kox D., den Herder C., Laman M., van Tinteren H., de Vries N. The role of sleep position in obstructive sleep apnea syndrome. Eur. Arch. Otorhinolaryngol., 2006, 263(10): pp. 946-950.
  12. Sleep-related breathing disorders in adults: Recommendations for syndrome definition and measurement techniques in clinical research (The report of American Academy of Sleep Medicine Task Force). Sleep; 1999;22:5:667-689.
  13. Steward D.L., Weaver E.M., Woodson B.T. Multilevel temperature-controlled radiofrequency for obstructive sleep apnea: extended followup Otolaryngol. Head Neck. Surg., 2005;132: pp. 630 -5.
  14. Stewart M.G., Glaze D.G., Friedman E.M. et al. Quality of life and sleep study findings in children with obstructive sleep apnea. Arch. Otolaryngol. Head Neck. Surg., 2005, 131:308-314.
  15. Stradling J. Obstructive sleep apnoea: definitions, epidemiology, and natural history, Thorax, 1995; 50: 683-689.
  16. Van Houwelingen K., van Uffelen R., van Vliet A. The sleep apnoea syndromes. Europ. Heart J., 1999, 20: 12, N 858-866.
  17. Verse T., Baisch A., Maurer J.T., Stuck B.A., Hormann K. Multilevel surgery for obstructive sleep apnea: short-term results.Otolaryngol Head Neck Surg. 2006, 134(4): pp. 571-7.
 

Հեղինակ. Գ.Լ. Խանդանյան1, Ա.Կ. Շուքուրյան1, Պ.Հ. Զելվեյան2 1 ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն,«Էրեբունի» բժշկական կենտրոն 2 Սրտաբանության ԳՀԻ, կանխարգելիչ սրտաբանության կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հարգելի ընթերցող
Հարգելի ընթերցող

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...

Հիմնակերքի արարողություն Գյումրիում
Հիմնակերքի արարողություն Գյումրիում

Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է  աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...

Փոխգործակցություն` հանուն առողջության
Փոխգործակցություն` հանուն առողջության

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...

Վերաբացվել է Аրարատի մարզային բժշկական կենտրոնը
Վերաբացվել է Аրարատի մարզային բժշկական կենտրոնը

ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...

Պաշտոնական այց Չինաստան
Պաշտոնական այց Չինաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...

90 տարին` իմաստության չափանիշ
90 տարին`  իմաստության չափանիշ

Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Թիմիդին ցիկլիկ ԱՄՖ-ԻՆ բջջային պատասխանի ցիտոֆոտոմետրիկ ցուցանիշները in vitro պայմաններում

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում

Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Սորբինաթթվի ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր

Ներածություն

Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Ալերգիկ ռինոսինուսիտով տարբեր տարիքային խմբի հիվանդների մոմետազոն ֆուրոատով բուժման արդյունավետության գնահատումը

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ

Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն`  ռինիտները...

Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Կին եվ տղամարդ

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունատար համակարգ

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

Երբ դիմել սրտաբանի

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:

Ն.Ի. Պիրոգով

Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...

Սննդակարգի հիմնական սկզբունքները
Սննդակարգի հիմնական սկզբունքները

Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ